Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են Ջավախքում իրականացվող «ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները:
Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահաններ և բժշկական դիմակների ամրակներ արտադրելով` ՋԱՀ-ի և ԱՏՁՄ-ի կողմից հիմնադրված «ԱրՄաթ» լաբորատորիաները Ախալքալաքում (բարերար՝ Ավետիս Բալոյան), Հեշտիայում (ֆինանսավորող` «Կարիտաս Վրաստան«), Դամալայում (բարերար` Արման Սահակյան) և Ախալցխայում (ֆինանսավորող` «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ) իրենց աջակցությունն են ցուցաբերել համայքնային բուժհաստատություններին:
Դիմավահանների և ամրակների պատրաստմանը մասնակցած արմաթցիները մեծ սիրով ու պատասխանատվությամբ են կատարել իրենց գործը: Աշխատանքի ընթացքում պահպանվել են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Խմբակավարների խոսքով` դիմավահանների ու ամրակների պատրաստման գործընթացը այդքան էլ հեշտ չէ, այն պահանջում է ուշադրություն և համբերատարություն:
Ընդհանուր առմամբ շուրջ 150 պաշտպանիչ դիմավահան և 200 ամրակ հանձնվել են Ախալքալաքի և Նինոծմինդայի, Ասպինձայի հանրային հիվանդանոցներին և Ախալցխայի «Իմեդի» բժշկական կենտրոնին:
Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել Ջավախքում: Ախալքալաքի հանրային հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանի կարծիքով` իսկապես գովասանքի է արժանի բուժաշխատողի գործը հեշտացնելու երեխաների ձգտումը, քանի որ այս օրերին ուշադրությունը բուժաշխատողների նկատմամբ շատ կարևոր է: